ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2023-12-14 08:28:31

Հայաստանն աստիճանաբար իր ուրույն տեղն է զբաղեցնում զբոսաշրջության համաշխարհային շուկայում: Ժամանակակից աշխարհի ինտեգրացիոն միտումներն անխուսափելիորեն հանգեցնում են երկրների միջև մարդկանց հոսքի ավելացմանը, ինչն էլ բարելավում է հյուրընկալության ոլորտի զարգացման նախապայմանները: Սա իր հերթին նշանակում է, որ հյուրընկալության ոլորտի մյուս բոլոր ուղղություններին զուգահեռ՝ զարգացում է ապրում նաև հյուրանոցային բիզնեսը:
Այս մասին գրում է «Փարիզ Հոթել» ՍՊ Ընկերության հիմնադիր Արթուր Հարությունյանը։
«Համաշխարհային տուրիստական կազմակերպության տվյալներով ներկայումս աշխարհում գործում են 16 միլիոնից ավելի հյուրանոցներ, որոնց մոտ 20%-ը հյուրանոցային ցանցերն են։ Այսպիսով, հյուրանոցային ոլորտի հայկական շուկան ժամանակի հրամայականով պահանջում է թե՛ քանակական և թե՛ որակական աճ: Վերջինս կարող է արձանագրվել միջազգային լավագույն փորձի կիրառման արդյունքում: Խոսքը ոչ միայն միջազգային ցանցի հյուրանոցներ բացելու, գործող հյուրանոցներում միջազգային արդյունավետ ստանդարտների ներդրման, այլև որակյալ կադրեր պատրաստելու մասին է, քանի որ անկախ մի շարք գործոններից, ցանկացած բիզնեսի շարժիչ ուժը մարդն է»,- գրում է Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ բիզնես ոլորտի կայուն գործունեությունն ու հետագա զարգացումն անհնար է պատկերացնել առանց վերապատրաստված մասնագետների։
«Թվում է, թե Հայաստանում հյուրընկալության և առհասարակ սպասարկման ոլորտի մասնագետներ պատրաստելու խնդիր չպետք է առաջանա՝ հաշվի առնելով այն, որ մի շարք բուհերում վաղուց ներդրվել է «Սերվիս» կրթական ծրագիրը, կա առանձին ֆակուլտետ, որտեղ պատրաստում են սերվիսի ոլորտի և մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտի և դրանցում առկա ծառայությունների պլանավորման և կազմակերպման մասնագետներ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ միայն ակադեմիական կրթությունը բավարար չէ, չնայած՝ այն զուգորդվում է պրակտիկ գիտելիքներով։ Այստեղ, իհարկե շատ կարևոր է կրթական հաստատությունների ու մասնավոր ընկերությունների համագործակցությունը՝ հաշվի առնելով բիզնեսի վարման որոշակի առանձնահատկությունները, որոնք շատ հաճախ դուրս են մնում կրթական ծրագրերից»,- նշում է Արթուր Հարությունյանը։
Ըստ նրա` ուսումնական հաստատությունների և հյուրընկալության ոլորտի ձեռնարկությունների միջև համագործակցությունը կարող է իրականացվել մի քանի եղանակով:
«Հաշվի առնելով աշխատողների որակավորման չափանիշների ժամանակակից պահանջները՝ մասնավոր սեկտորի լավագույն ներկայացուցիչներին, գործատուներին կարելի է ներգրավվել կրթական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակման մեջ, որպեսզի փոխանցվող գիտելիքներն ավելի պրակտիկ ու օգտակար լինեն, կրթական հաստատություններում գործատուների համար ավելի հաճախ հայտարարել «բաց դռների» օր՝ փոխադարձ շփման, փորձի փոխանակման նպատակով և այլն։ Եվրոպական մի շարք երկրներում ու ԱՄՆ-ում հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսում մասնագետների հավաքագրման հարցում օգնության են գալիս, այսպես կոչված vocational school-երը որոնց կրթական ծրագիրը կազմված է ոչ միայն մատուցվող տեսական գիտելիքներից, այլ հիմնականում փորձառությունից, որն էլ իր հերթին տալիս է մասնագիտական, կիրառական հմտություններ։ Այդ երկրներում գործում են ռեստորաններ, հյուրանոցներ, որտեղ ուսանում և զուգահեռաբար աշխատում են ուսանողները։
Սա, կարծում եմ, հետաքրքիր մոդել է, որը կարելի է կիրառել նաև Հայաստանում։ Չեմ կարող չհամաձայնել, որ սպասարկման ոլորտը Հայաստանում բավականին որակյալ է, միևնույն ժամանակ փորձի վրա հիմնված որակյալ մասնագետների պատրաստման հարցում այսպիսի մոդելը ևս կարող է օգտակար լինել»,- ընդգծում է Արթուր Հարությունյանը։
Վերջինս կարծում է, Հայաստանում զբոսաշրջության տարբեր ճյուղերի զարգացման համար կան բավականին լավ պայմաններ և բերում է բժշկական տուրիզմի օրինակը։
«Վերջին շրջանում աշխարհում լայն թափ է ստանում բժշկական տուրիզմը։ Փորձը ցույց է տալիս, որ այսօր աշխարհի շատ երկրներից մարդիկ, կտրելով հազարավոր կիոլմետրեր, գալիս են Հայաստան՝ օգտվելու տարբեր բժշկական ծառայություններից։ Առաջին տեղում, իհարկե ատամնաբուժական ծառայություններն են, դրան հաջորդում են արդեն ռինոպլաստիկ, կոսմետիկ ծառայությունները և այլն։
Այն հանգամանքը, որ օտարերկրացիները Հայաստանում հանգստի հետ համատեղում են բժշկական ծառայություններից օգտվելը, խոսում է նրա մասին, որ մեր բժիշկները ոչնչով չեն զիջում արտասահմանյան մասնագետներին, ծառայությունների արժեքներն էլ բավականին մատչելի են, այսինքն Հայաստանում գին և որակ հարաբերակցությունը լավագույնն է։
Այս ուղղությամբ կարելի է համալիր ծրագիր մշակել՝ հավաքելով մարքեթոլոգների թիմ, ունենալ մասնագետներ, ովքեր կզբաղվեն ռազմավարության զարգացմամբ, ներգրավել տուրիզմի ոլորտից փորձագետների և այլն։ Այսինքն՝ պետք է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ կլինեն բոլոր շահառու կողմերը։ Եվ բոլոր շահառու կողմերի տաղանդի ներդրմամբ կկարողանանք ստանալ պրոդուկտ, որը ներկայանալի կլինի աշխարհին։
Կարծում եմ, որ զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ ուշադրություն պետք է դարձնել նաև աշխարհի լավագույն փորձին ու այն մեթոդներին, որոնք կիրառվում են»,- գրում է Արթուր Հարությունյանը։
Մամուլ
Օրվա լուսանկար
